Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Զեղծարարություն և դրամաշորթություն եվրոպատուհան արտադրող SmartGroup ընկերության կողմից՝ իրավապահների քթի տակ
Եվրոպատուհանների բիզնեսում զեղծարարության և դրամաշորթության մասին լսել էի, բայց երբեք չէի պատկերացնի, որ կարող էի անձամբ հայտնվել ոլորտի զեղծարարների թիրախում։
SmartGroup ընկերությունը Ֆեյսբուքյան էջում գովազդում է եվրոպատուհանների և դռների արտադրություն։ Այցելեցինք Նիկողայոս Տիգրանյան 15 հասցեի նկուղային հատվածում գտնվող արտադրամաս, որի վարձակալի անունը Արտակ է, որտեղ առաջին հայացքից աշխատակիցներն իրենց գործն էին անում, կասկածելի ոչինչ չկար։ Արտադրության ղեկավարը, հաշվարկեց մեր ընտրած որակի չափանիշներին համապատասխանող պատուհանների արժեքը։ Մենք համաձայնեցինք՝ասելով, որ ցանկանում ենք «Roket line» վճարային համակարգով վճարել կանխավճարը։ Ասացին, որ չունեն նման համակարգ, և մենք հեռացանք։
Որոշ ժամանակ անց մեր հետ կապի դուրս եկավ նույն անձը և ասաց, որ իրենց մյուս խանութի բանկային հաշվին կարող ենք այդ համակարգով կանխավճարն ուղարկել։
Դրանից հետո, մեր բնակարան եկավ չափագրողը՝ չափեց բոլոր պատուհանները, դրանից հետո խանութից ուղարկած QR կոդի միջոցով «Roket line» համակարգով 250 հազար դրամ կանխավճար փոխանցեցինք «մյուս խանութի» հաշվեհամարին, որը պարզվեց GPLAS ընկերության հաշվին է(Էլեկտրոնային կտրոնը կցվում է)։ Դրանից հետո զանգահարեցինք և պահանջեցինք, որ բերեն հսկիչ դրամարկղային կտրոնը և պայմանագիրը, կամ մենք գնանք և վերցնենք։ Ընկերության սեփականատեր ներկայացող Նորայրը անունով մեկը, որ իրական անունը, ամենայն հավանականությամբ, Արտակ է, և ասաց, թե կբերեն, բայց այդպես էլ չբերեցին։

Երբ եկավ պատուհանները տեղադրելու ժամանակը, պարզվեց, որ ընկերությունը զբաղված է պարզ զեղծարարությամբ՝ դրամաշորթությամբ։ Ընկերության սեփականատերը՝ Նորայրը (հեռ 094-20-28-71), սկզբից հայտնեց թե պատուհանները պատրաստ են, այս շաբաթ,մյուս շաբաթ կբերեն, բայց մեկ ամսից էլ հայտնեց, թե պատրաստ չեն, աշխատող չի ունեցել։ Պահանջեցի հետ վերադարձնել գումարը, ասաց խնդիր չկա ու սկսվեց զեղծարարության ոդիսականի երկրորդ արարը՝ երեք շաբաթ այսօր-վաղը գումարը փոխանցվում էր ու այդպես էլ չփոխանցվեց։
Պարզվում է, որ գործում է զեղծարարների, դրամաշորթների հանցավոր խումբ ընկերություններ՝ այս դեպքում SmartGroup և GPLAS ընկերությունները, որոնք օրը ցերեկով հանցավոր գործունեություն են ծավալել Ոստիկանության քթի տակ (պատուհանների, այսպես կոչված, արտադրամասից քիչ հեռու Ոստիկանության տարածքային ստորաբաժանումն է)։
Դիմում եմ ՆԳՆ նախարար Արփինե Սարգսյանին, հոդվածն ընդունեք որպես հաղորդում հանցագործության մասին, քննության արդյունքում հաստատ ի հայտ կգան ևս այլ խաբված քաղաքացիներ։
Այս ընթացքում էլ համոզվեցինք, որ պատուհանների արտադրության քողի տակ զեղծարարների հանցավոր խմբերի գործողությունները նոր երևույթ չեն, իսկ թե ինչու են մինչ օրս դրանք գործում, խաբում ու նյութական մեծ վնաս հասցնում քաղաքացիներին՝ դա արդեն իրավապահ և հարկային համակարգի խնդիրն է։
Հանցագործության մասին հրապարակային հաղորդում ներկայացնող, քաղաքացի՝ Արմեն Վարդանյան։
Հ. Գ. Զեղծարար Նորայր Ղոնաղչյանը, պարզվում է, լավ էլ գիտի օրենքները, ըստ այդմ գնում է Քննչական կոմիտեի տարբեր ստորաբաժանումներ, ընդունում է, որ միայնակ է վերցրել գումարները, նույնիսկ արտադրամասի աշխատողները դրա հետ կապ չունեն, այլ կերպ ասած՝ ամբողջ մեղքը վերցնում է իր վրա։ Դրանից հետո ՔԿ-ստորաբաժանումներում գործերը փակվում են և վերադարձվում խաբված քաղաքացիներին՝ դատարաններ մտնելու համար։ Դե դատարաններում էլ գործերը տարիներով են քննվում, ամենայն հավանականությամբ վերջում էլ պարզվում է, որ Ղոնաղչյանը ոչ մի սեփականություն չունի, որ գոնե ԴՀԿ-ի միջոցով վաճառեն և մի քանի տասնյակ խաբվածների գումարները հետ վերադարձնեն, այդպիսով հարցը փակվում է։
Սակայն մեր 250 հազար դրամը ՊԵԿ Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության, 8-րդ բաժնի աշխատակիցների ամիսների աշխատանքի շնորհիվ հնարավոր եղավ հետ ստանալ։ Բանն այն էր, որ մեր վճարումը «Ռոքետլայն» համակարգի միջոցով էր արված և գումարն ստացած խանութը չէր կարող հետ չփոխանցել։ Սակայն զեղծարարության տասնյակ զոհեր կամ գրավոր երաշխավորագրի հիման վրա էին վճարել, կամ բանավոր պայմանավորված և այդ գումարները յուրաքանչյուր խաբվածի դեպքում հասնում են 2-3 մլն դրամի։
